Որոշ արեւմտյան երկրներ նորից քննարկում են իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները Ուկրաինա ուղարկելու հնարավորության հարցը։ Այս մասին գրել է ֆրանսիական Le Monde-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Բանավեճերը վերսկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն սկսելու ֆոնին, որը կարող է կանգնեցնել Վաշինգտոնի օգնությունը Կիեւին։
Le Monde-ը հիշեցնում է, որ փետրվարին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակայնորեն խոսում էր Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու մասին, դա «խիստ հակազդեցություն» է առաջացրել որոշ երկրներում, առաջին հերթին Գերմանիայում։ Վերջին շաբաթներին այդ քննարկումները վերսկսվել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։
«Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ բանակցություններ են ընթանում պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, այդ թվում Եվրոպայում դաշնակիցների հարվածային ուժի ստեղծման նպատակով, որը կողմնորոշված կլինի Ուկրաինայի եւ ընդհանրապես եվրոպական անվտանգության ամրապնդմանը»,- պարբերականին ասել է բրիտանական ռազմական աղբյուրը։
Թերթը նաեւ հիշեցնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի վերջերս արած հայտարարությունը, որը BBC News-ի հարցազրույցում ասել է, որ «կարմիր գծեր» Ուկրաինային աջակցելու հարցում գոյություն չունեն։ Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք դա նշանակել ֆրանսիական զորքերի մասնակցություն մարտական գործողություններին, նա ասել է, որ Ֆրանսիան «չի բացառում ոչ մի տարբերակ»։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ինտենսիվորեն եւ այնքան երկար, որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դրված է մեր անվտանգության հարցը։ Ամեն անգամ, երբ ռուսական բանակը առաջ է շարժվում մեկ քառակուսի կիլոմետրով, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով ավելի է մոտենում Եվրոպային»,- ասել է Բարոն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Le Monde-ի հրապարակումը, հայտնել է, որ Կրեմլում չգիտեն, թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։
«Բայց ավելի վաղ, իհարկե, եվրոպական տարբեր մայրաքաղաքներից նման գաղափարներ հնչել են։ Բայց արտահայտվել են նաեւ տարբեր հակափաստարկներ ոչ հօգուտ այդ գաղափարի։ Ուստի եվրոպացիների մոտ այս հաշվով համակարծություն չկա, բայց ինչ-որ տաք գլուխներ ի հայտ են գալիս»,- նրա խոսքերը մեջբերել է «Մայակ» ռադիոն։