«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվեց...

Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած «Եվրաքվե»-ի 60,000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին: Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են ԿԸՀ-ից։

«ԿԸՀ-ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը»,- ասաց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև նոյմբերի 14-ը ժամկետ ունի, որի ընթացքում քաղաքացիները կարող են դեռևս օնլայն միանալ ստորագրահավաքին։ Անուհետև մեկ ամիս ժամկետում կստուգվի ստորագրությունների վավերականությունը՝ հավաստիանալու, որ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք։ Այս ամենից հետո ԿԸՀ-ն կկայացնի ստորագրությունների վավերականացումը հաստատելու վերաբերյալ որոշում։

Որոշումը ստանալուց հետո նախաձեռնող խումբը Հանրաքավեի մասին օրենքով սահմանված կարգով կշարունակի իր գործունեությունը և արդեն նախագիծը կներկայացվի ԱԺ։

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են նախաձեռնել ԱԺ-ում։