
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասնյոթերորդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն սկսվել են, սակայն «վաղ փուլում են», տեղեկացրել է Euobserver պարբերականը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին: Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ պատժամիջոցների առաջարկները սպասվում են ամռան սկզբին։ Մեկ այլ դիվանագետ կասկած է հայտնել ցանկացած ժամանակացույցի վերաբերյալ։ «Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան [խաղաղության] բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,- պարզաբանել է նա։ Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո Կրեմլը հայտնել է, որ համաձայն է Սեւ ծովում հրադադարին, սակայն «Ռոսսելխոզբանկի» եւ «պարենամթերքի եւ պարարտանյութերի միջազգային առեւտրով զբաղվող ֆինանսական կազմակերպությունների» նկատմամբ այլ պատժամիջոցների չեղարկման պայմանով։ Բացի այդ, Մոսկվան պահանջում է չեղարկել սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների եւ արտահանողների, ինչպես նաեւ դրանք տեղափոխող ռուսական նավերի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի ուշ ասել էր, որ Սեւ ծովում հրադադարի մասին Ռուսաստանի պահանջները ներառում են ԵՄ որոշ պատժամիջոցների չեղարկում: Մարտի 27-ին եվրոպական խոշորագույն երկրների ղեկավարները Փարիզում կայացած հանդիպումից հետո հրաժարվել են մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ «այժմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չէ»։ Նա պնդել է, որ գագաթաժողովում երկրները, ընդհակառակը, քննարկել են սահմանափակող միջոցների հնարավոր ուժեղացումը «Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ նստել ստիպելու համար»։