Եվրահանձնաժողովն առաջարկել է սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման պլան։
«Մենք արգելափակել ենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 մլրդ եվրոյի ռեզերվները եւ սառեցրել ռուս օլիգարխներին պատկանող 19 մլն եվրո գումարը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացրել է DW-ն։
Նրա խոսքով՝ առաջիկայում ԵՄ-ը եւ նրա գործընկերները կարող էին իրենց վրա վերցնել այդ միջոցների կառավարումը եւ դրանց ներդրումավորումը։ Ստացված միջոցները կուղղվեն Ուկրաինա, որպեսզի փոխհատուցվի երկրին հասցված վնասը։ «Որպեսզի սա հնարավոր դառնա, մենք կաշխատենք մեր գործընկերների հետ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Եվ մենք միասին կկարողանանք գտնել դրա իրականացման օրինական ճանապարհը»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հանգեցրել է մահերի, ավերածությունների եւ անասելի տառապանքների։ Մենք բոլորս հիշում ենք Բուչայի սարսափները։ Նախ՝ Ռուսաստանը պետք է վճարի իր ահավոր հանցագործությունների, այդ թվում ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի համար։ Հենց դրա համար էլ, սատարելով Միջազգային քրեական դատարանին, մենք առաջարկում ենք ՄԱԿ աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ Ռուսաստանի ագրեսիան հետաքննելու եւ դատական հետապնդման ենթարկելու համար։ Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը միջազգային հանրության հետ, որպեսզի հասնենք այդ մասնագիտացված դատարանին ցուցաբերվելիք առավելագույն լայն միջազգային աջակցության»,- ասել է նա։
Երկրորդ՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է նաեւ ֆինանսապես վճարի այն ավերածությունների համար, որոնք կատարել է։ Ուկրաինայի կրած վնասը գնահատվում է 600 մլրդ եվրո։ Ռուսաստանը եւ նրա օլիգարխները պետք է փոխհատուցեն վնասն Ուկրաինային եւ փակեն երկրի վերականգնման ծախսերը. «Եվ մենք ռեսուրսներ ունենք, որպեսզի ստիպենք Ռուսաստանին վճարել իր գործողությունների համար»։
Նա շեշտել է, որ ԵՄ-ն առաջարկում է ՄԱԿ աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ ռուսական ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու եւ մեղավորներին պատժելու համար։