Իհարկե, հետնիկոլական ժամանակները երբ գան պատմաբանները, լրագրողներն ու վերլուծաբանները դեռ կգնահատեն մեր նորագույն պատմության այս երկուս ու կես տարին, կամ մի փոքր ավելի ժամանակահատվածը, կապված այն հանգամանքի հետ, թե դեռ որքան Նիկոլ Փաշինյանը կձգի իշխանության ղեկին մնալը, սակայն արդեն այսօր եթե փորձենք հանրագումարի բերել, ապա միակ տերմինը, որով կարելի է որակել Փաշինյանի կառավարման շրջանը՝ «շանտաժն» է իր տարբեր հոմանիշներով եւ իմաստային նրբերանգներով։
Փաշինյանը գեներացնելով ժողովրդի դժգոհությունները եւ դա վերածելով ատելության ապակայունացրեց ըստ էության Հայաստանի ներքին կյանքը, շանտաժի միջոցով հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Այս կերպ, նա շանտաժով հասավ գործադիր իշխանության յուրացմանը։ Հաջորդ քայլը, ըստ տրամաբանության՝ օրենսդիր մարմինն էր։ Կրկին շանտաժով նա նաեւ յուրացրեց օրենսդիր իշխանությունը։ Ընդ որում, այդ շանտաժը ամենակեղտոտ դրսեւորումներն էր ունենում, առանց տարրական մարդկային բարոյականության նորմերը հաշվի առնելու։
Ի դեպ, 2018 թվականի հենց այս օրը՝ դեկտեմբերի իննին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները եւ հենց այս օրը Փաշինյանն ՀՀ ԱԺ-ն դրեց իր եւ Աննա Հակոբյանի գրպանը։ Հաջորդը իշխանության երրորդ թեւն էր՝ դատական իշխանությունը։ Կրկին սպառնալիք, ատելության խոսք, շանտաժ բանեցնելով նա կարծես թե հասնում էր հաջողության եւ կհասներ ամբողջապես, եթե իհարկե ՍԴ-ում Հրայր Թովմասյանը նրան չհակազդեր։
Այստեղ արդեն սկսվեց ամենից դրամատիկը։ Շանտաժն ու սպառնալիքը անձնավորվեցին, ու ամբողջապես ուղղվեցին Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ։ Ծերունի հորը եւ երեխաներին ԱԱԾ տանել, խուզարկություններ իրականացնել, ընտանիքի հանդեպ ճնշումներ բանեցնել, մամուլում արշավ սկսել, հոգեբանական տարատեսակ ահաբեկումների դիմել, նույնիսկ սանիկների վրա քրեական գործեր կարել ու այս ամենը հանուն նրա, որպեսզի չեզոքացվի Հրայր Թովմասյանը։
Հետաքրքրական էր, որ այդ ամենը հիշեցնում էր Փաշինյանը «եւ այդ մեկ մարդը դու ես» հայտնի կարգախոսը, այն առումով, որ ողջ պետական քարոզչական եւ մյուս համակարգերը ուղղվեցին մեկ մարդու՝ Թովմասյանի դեմ։ Սակայն նա կարողացավ դիմակայել։ Դիմակայմանը օգնեց նաեւ այն, որ ունենալով անթերի անցյալ, չկարողացան որեւէ բան գտնել, որպեսզի նրան հեռացնեն դաշտից եւ ավարտին հասցնեն դատական իշխանության յուրացումը։ Նույնիսկ առանձին գործիչներ այդ ժամանակ խոստովանեցին, որ իրենց համար էլ էր անակնկալ, որ Հրայր Թովմասյանը կկարողանա այդքան տոկուն լինել, ու դառնալ հականիկոլական դիմակայության սիմվոլը։
Իհարկե, սա բավական ոգեւորիչ է, որովհետեւ արդեն այսօր կյանքը ցույց տվեց, որ Հրայրը ճիշտ էր Նիկոլը սխալ, սակայն նաեւ ափսոսալ կարելի է, որ ողջ Հայաստանի պետական համակարգում միայն մեկ Հրայր Թովմասյան գտնվեց մաքուր անցյալով, ում չկարողացավ Փաշինյանը ծնկի բերել, ավելին՝ այժմ արդեն ինքն է նրա առաջ ծնկի իջնում, որպես վարկաբեկված, հանրային վստահությունը կորցրած, դավաճան ու հողատու։



