«Ե՛վ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ անհատները ողջունել են տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի առկայության փաստը, եւ հատկապես՝ խաղաղապահների ներկայությունը։ Այս դեպքում ինչո՞ւ իշխանությունը վճառական չէ՝ հանելու ռազմական դրությունը»։ Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ այսօրվա նիստում, որը քննարկում է ռազմական դրության չեղարկման հարցը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ ՀՀ ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի ռազմական ներկայությունը եւ ստանձնած պարտավորությունները կարող է հանկարծ չիրականացվեն. «Արդյո՞ք իշխանությունը չի վստահում ՌԴ-ին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի եւ մյուս պաշտոնատար անձանց»,- հարցրեց նա։ ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը ի պատասխան ասաց, որ հարցը չի տեղավորվում քննարկվող՝ «Ռազմական դրությունը վերացնելու» մասին որոշման նախագծի շրջանակում։ Արեն Մկրտչյանը մանրամասնեց, որ հայկական կողմը ունի դեռ անելիքներ, կապված անվտանգության հետ։ Մասնավորապես՝ շուրջ 520 կմ սահմանի պաշտպանության պատշաճ հերթափոխի կազմակերպում եւ այլն։ Տիգրան Ուրիխանյանն էլ կրկին հնչեցրեց իր հարցը՝ արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ ռազմական դրության վերացումից հետո կարող է հանկարծ ռազմական գործողությունների շարունակություն լինել. «Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել երկրում քաղաքական գործունեությունը»։



