ՀՀ ԿԲ նախագահի կարծիքով` պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ իրենք արտադորղական ոլորտներում զբաղվածություն ունենան ու բարիք ստեղծեն։
Այն օժանդակությունը և այն ֆինանսական ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունն իրականցնում է արցախցիների համար, նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով հարցին, թե Արցախից տեղահանված 100 հազարից ավելի մարդու ինտեգրումը ՀՀ–ում ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։
«Եթե չկարողանանք ներքին պահանջարկին զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն ՀՀ աշխատաշուկայում, մեր ամենօրյա կյանքում, ապա կստացվի, որ առաջարկի տեսանկյունից անփոփոխ իրավիճակ կունենանք։ Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ–ի ազդեցությունը կլինի սահմանափակ։ Սա այն դեպքում, երբ պահանջարկի տեսնակյունից ընդլայնում ենք ունենալու, ինչը կարող է հանգեցնել գնաճային որոշակի երևույթների»,– ընդգծեց նա։