Եթե պարզվի՝ ընտանիքն իր երեխային դուրս է թողե...

Այս նոր համակարգով ամենակարևոր ուղերձը այն է, որ բոլոր այն անձինք, որոնք կլինեն անապահովության համակարգում և կլինեն աշխատունակ, մենք նրանց աշխատանք ենք առաջարկելու և աշխատանքի չանցնելու դեպքում իրենց ուղղակի հանելու ենք, իսկ նրանց թիվը քիչ չի, 30,000-ից ավելի: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Մենք մեկ այլ կարևոր բան ունենք այս կարգավորման մեջ, օրինակ, եթե պարզվում է, որ ընտանիքը իր երեխային դուրս է թողել կրթությունից, մենք ուղղակի իր հայտը չենք ընդունում: Սրանով նաև ուղերձ ենք տալիս, որ չպետք է մենք խրախուսենք նման վարքը»,-ասաց նա:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ներեցեք, բայց այդ դեպքում երեխայի հետ ի՞նչ ենք անում։ Սա էլ մի հատ ուրիշ խնդիր է մեր իրականության մեջ որ կա ընկալում, որ երեխան ընտանիքի սեփականությունն է:

Մի հատ էլ, որ որոշում կայացնենք, որ այդ երեխան այդ ընտանիքում պետք է չլինի, մի հատ մեծ, համաշխարհային աղմուկ կբարձրանա։ Ցանկացած ուրիշ տեղ այդ երեխային ավելի լավ կլինի, քան թե այդպես ընտանիքում, որ ասում է պիտի չսովորես, պիտի այս չանես, պիտի այն չանես»:

Նարեկ Մկրտչյանը շարունակեց. «Առհասարակ բոլոր հայտերը մենք դիտարկելու ենք իբրև աշխատանքի անցնելու հայտ և սկսելու ենք գնալ ընտանիքների ուսումնասիրման հետևից»: