Եթե նախկին նախագաները հանձնել էին Արցախը, էդ...

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև որոշակի հաղորդակցության առկայությունը, որի շնորհիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահորեն նոր պատերազմ է կանխատեսում այն դեպքում, եթե իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվի հաղթել հունիսին կայանալիք ընտրություններում։

«Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե պայմանավորվածություններ կան ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ», - մարտի 24-ին լրագրողների հետ կայացած զրույցում ենթադրել է պատգամավորը։ Խորհրդարանականը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող տարաբնույթ մեղադրանքների համատեքստում, առաջարկել է ծանոթանալ վիճակագրական տվյալներին՝ տեսնելու համար, թե ում օրոք ինչ պատերազմներ և զոհեր են եղել։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին պատերազմներ չեն եղել։

«Եվ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահներն իրենք են Արցախը հանձնել։ Ախր կա պատմություն։ Հենց այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ է 12,000 կմ տարածք ունեցել Արցախի Հանրապետությունը», - հիշեցրել է Դանիելյանը

Նա արձանագրել է, որ գործող իշխանությունները օրական մի քանի անգամ ստում են. «Մարդը խրոնիկ ստախոս է, ինչի՞ մասին է խոսքը, առավոտյան մի բան է ասում, կեսօրին ասում է՝ ես չեմ։ Ինքը տենց էլ երկիր է կառավարում, տենց էլ գնում է բանակցությունների։ Երկիրը չի կարելի ղեկավարել «ուրախ ավտոբուսի» ոգով (նկատի ունի ՔՊ-ականների կիրակնօրյա շրջագայությունները)։ Ինչպես ավտոբուսի մեջ են, այնպես էլ պետությունն են կառավարում։ Մի՞թե հիմարի տեղ դնելով կարելի է արդյունքի հասնել»,- հարցրել է պատգամավորը։ «Գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջին անգամ ասել՝ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Հիմա էլ բանը հասել է նրան, որ իրենք վախենում են Արցախ բառն ասել, կարող է Ալիևն ու Էրդողանը ջղայնանան, և իրենք աթոռի ու պաշտոնի համար լավ չլինի։ Այսինքն՝ հարցն այսպես է դրված. իրենց աթոռը՝ տարածքների դիմաց, սա է նրանց տրամաբանությունը։ Չէ՞ որ նա գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա՞ ինչ»,– շարունակել է Դանիելյանը՝ հավելելով, որ իշխանությունները նույնիսկ «բռնի» բառն են հանել արցախցիների «բռնի տեղահանված» ձևակերպումից։ «Ամեն Աստծո օր թիրախավորվում են արցախցիները, նո՞ր է այդ թիրախավորումը։ Իշխանությունները ներազգային պառակտում են սերմանում։ Այսօր Արցախն է, վաղն էլ ասելու են՝ Շիրակն է, մյուս օրը՝ Տավուշն է, ի՞նչ տարբերություն իրենց համար»,- զգուշացրել է պատգամավորը

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կհաջողվեր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ արցախահայության տեղահանությունը, ինչի մասին նա հայտարարել էր վերջերս, Գառնիկ Դանիելյանը հիշեցրել է, որ հենց Քոչարյանն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը պատերազմի ծանրագույն օրերին և եղել է ԼՂՀ առաջին նախագահը. նա փորձառու և իմաստուն բանակցող է։ Պատգամավորը մի քանի խոսք է հավելել նաև Իրանի շուրջ առկա վաղեմի սպառնալիքի չեզոքացման գործում Ռոբերտ Քոչարյանի դերի մասին, սակայն ավելի մանրամասն խոսելու հնարավորությունը թողել է հենց նախկին նախագահին

Պատգամավորը նաև հայտնել է, որ իր ներկայացրած ուժի նախընտրական ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ «Արցախի էջն ուզում են փակել էս իշխանությունները։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև, որպեսզի վաղը նա (Փաշինյանը) այստեղ հազարավոր ադրբեջանցիների չբնակեցնի։ ՀՀ գոյության հարցը կապված է Արցախ վերադառնալու հետ»,- ընդգծել է պատգամավորը՝ ենթադրելով, որ այդ հարցի լուծմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այժմ լուծարված է։