«Քրեական օրենսգրքի 226 հոդվածի՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով է քրեական գործը հարուցված, մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետև նախաքննության գաղտնիք է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան «ֆեյք»՝ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» կեղծ էջի տակ հանդես եկող օգտատիրոջ կալանավորման հարցին.«Առհասարակ ԱԱԾ-ն նախապես չի ասում իր անելիքների մասին, եթե լինեն նոր ֆեյքերի ձերբակալություններ՝ կիմանաք։ Մարդու անանուն հանդես գալը նրա իրավուքններից մեկն, որը չի կարող որևէ մեկը խախտել։ Այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որը պարունակում է հանցակազմ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետի հրահանգից հետո ԱԱԾ-ն անդրադարձավ խնդրին, եթե գրառումներն ավելի վաղ էին կատարվել, Արթուր Վանեցյանն ասաց՝ որովհետև դա ծանր աշխատանք է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ իշխանությունը միլիոններ ծախսո՞ւմ է ֆեյքեր պահելու համար, Արթուր Վանեցյանը պատասխանեց.«Վստահ եղեք, որ իշխանությունը միլիոններ չի ծախսում ֆեյք էջեր պահելու համար»։



