Եթե «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ստեղծողները...

Ընթերցողը թերեւս բազմաթիվ անգամներ դիտել է հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը եւ հիշում է այն իրավիճակը, երբ հասնացու Վալյայի հայրը՝ Նիկոլայ Պետրովիչը, Ռուսաստանի հեռավոր գյուղ հարսնախոսության գնացած հայ փեսացու Արտակի հարազատներին ասում է, որ իհարկե ինքը տան տղամարդն է, եւ կասի իր տղամարդկային խոսքը, բայց պետք է սպասել կնոջը՝ Նատալյա Սեմյոնովնայի վերադարձին, որ որոշում կայացնի, բացի այդ էլ, դստեր հետ կապված հարցը կանացի գործ է ․․․ կամ նման մի բան, իսկ ահա թե երբ կգա Նատալյա Սեմյոնովնան, ինքը չգիտի, գուցե վաղը կգա, գուցե՝ մյուս օրը ․․․․

Եթե ֆիլմի ստեղծողները ճանաչեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, թերեւս նրան կընտրեին որպես Նիկոլայ Պետրովիչի կերպարի նախատիպ՝ անվճռական, վախկոտ, սեփական կարծիքը չունեցող եւ կախված մարդ, սակայն այն տարբերությամբ, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի դեպքում այդ վախը, անվճռականությունը, կախվածությունը դրսեւորվում է պետական-քաղաքական հարցերում՝ արտահայտված Հայաստանում այժմ գործող իշխանությունների հանդեպ։

Իրականում, սպասել, որ Արմեն Սարգսյանը տղամարդու նման ձեռքը սեղանին կխփեր ու կասեր իր տղամարդկային խոսքը, միամտություն կլիներ։ Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանը կոմֆորմիզմի փայլուն դասեր է տվել, անմռունչ կերպով դակելով իր ստորագրությամբ իրեն ստորագրման՝ դակման ուղարկված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը, առաջարկներն ու մնացած թղթերը, որոնց դակումը հասանելի է իրեն։ Այժմ էլ նա հարազատ մնաց ինքն իրեն, պարզապես որոշեց աճպարարությունը «համեմել» անգլիական «տառակերությամբ», որպեսզի փրկի սեփական դեմքը։ Չէ որ անգլիացիներին հատուկ է իրավական աճպարարությունները․ կարդացեք Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» սագան եւ կհանդիպեք բազմաթիվ հատվածների, թե ինչպես են իրավաբանները իրավական աճպարարություններ անում, ճիշտ եւ ճիշտ՝ Արմեն Սարգսյանի համար։ Ու նրա համար բացարձակապես միեւնույնն է, անկախ երեկ տարածած հայտարարության սրտաճմլիկ ձեւակերպումներից, թե Հայաստանում ստեղծված ճգնաժամը դեռ ինչքան կշարունակվի ու մինչեւ ուր կհասնի։ Կարեւորն այս դեպքում այն է, որ ինքը երեւի թե պետք է կատարի իր առաքելությունը, որը ամենեւին պարտադիր չէ, որ համընկնի Հայաստանի շահերի հետ, ինչպես որ ինքն է Հայաստանում սկսել դիտվել «հյուրախաղերի եկած» արտիստ որպես։