Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել այդ պայմանները,...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը պատանդների վերադարձից հետո հաջորդ կարևոր քայլն է խաղաղության գործընթացի շրջանակներում։ Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախ, ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը, և երկրորդ, դուք պետք է համոզեք, որ Գազայում չկան զենքի գործարաններ, որ Գազա մաքսանենգ զենք չի ներկրվում։ Սա ապառազմականացում է», - ասել է Նեթանյահուն։ 

Նրա խոսքով, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա «իսկական քաոս կսկսվի»։

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դա լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք, անշուշտ, պատրաստ ենք դրան», - նշել է վարչապետը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը չհրաժարվի իր զինանոցներից, ապա շարժման զինաթափմամբ կզբաղվի ամերիկյան կողմը։

«ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, քանի որ իրենք են ասել, որ կզինաթափվեն։ Եվ եթե նրանք չզինաթափվեն, ապա մենք ինքներս կզինաթափենք նրանց», - ասել է Թրամփը լրագրողներին հոկտեմբերի 14-ին:

Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած բոլոր 20 պատանդներին։ Շարժումը նաև վերադարձրել է ութ զոհված պատանդի աճյուն, սակայն ևս 20 պատանդի աճյուն մնում է Գազայում։ Ի պատասխան՝ Իսրայելի իշխանությունները բանտերից ազատ են արձակել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալի։