Եթե Գյումրիում չեք ուզում ունենալ ՔՊ-ական իշխ...

«Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021-ի ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով»,-անդրադառնալով մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ է մասնակցում  ընտրություններին։  2021-ին  Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ, այս տարի՝ 9 քաղաքական ուժ։

Սուրենյանցը թվարկեց մի քանի գործոն, որոնք վկայում են ընտրությունների մրցակցային ու լարված անցնելու մասին.  ներկայացված է հանրապետության քաղաքական ուժերի գրեթե ողջ ներկապնակը, Գյումրիում ազդեցիկ խմբավորումները՝ նախկին քաղաքապետ, պատգամավոր նույնպես մասնակցում են ընտրություններին, բացի այդ դրանք նախորդում են համապետական ընտրություններին։

«Քաղաքական ուժերը ոչ միայն փորձելու են այս ընտրությունները ծառայեցնել Գյումրու խնդիրներին, այլև փորձելու են իրենց ուժերը համապետական ընտրություններից առաջ, ստուգելու են իրենց պոտենցիալը, որոշակի խմբագրումներ են անելու իրենց ծրագրերում»,-նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է քվեարկողների մասնակցությանը, ապա Սուրենյանցը նշեց, նախորդ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 20 տոկոսը՝ 26 հազար ընտրող, հիմա կանխատեսում է, որ շատ մեծ տատանում չի լինելու, ընտրություններին մասնակցելու է 30-35 հազար քաղաքացի։

Մինչ կմեկնարկի քարոզարշավը, Սուրենյանցը մի քանի խորհուրդ, հորդոր ունի գյումրեցիներին։

«Դեռ քարոզարշավը չմեկնարկած «Դեմոկրատական այլընտրանք»-ը մի քանի սկզբունք էր առաջ քաշել, ընդդիմադիրները չպետք է թիրախավորեն միմյանց, չպետք է համագործակցեն ՔՊ-ի հետ և ապագա ավագանիում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է կոնսենսուսի գան ու որոշեն հաղթող թեկնածուին՝ կանխելու ՔՊ հաղթանակը։ Սրանք մնում են ուժի մեջ։ Հետևաբար, առաջադրված ուժերից երեքին ես համարում եմ իշխանության դաշտում խաղացող ուժեր։ Ընտրողները, որոնք չեն ուզում ՔՊ-ի հաղթանակը պետք է զգուշանան երկու ուժերից՝ խոսքը Եվրոդաշինքի մասին է, որը առաջադրել է Լևոն Բարսեղյանի թեկնածությունը։ Նրա դեմ անձնական ոչինչ չունեմ,  բայց դաշինքի առանցքային կուսակցությունը Երևանի քաղաքային իշխանության մեջ ՔՊ-ի կոալիցիոն գործընկերն է։ Հնարավոր չէ Երևանում լինել ՔՊ-ի կոլալիցիոն գործընկերը, Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Ընտրողը, որ չի ուզում ունենալ ՔՊ-ական իշխանություն, չպետք է քվեարկի այս դաշինքին  ու Արտյոմ Թումանյանին, որը առաջադրվել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։