«Եթե երեխան վատառողջ է, ապա նրան պետք է ուտել...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում նախօրեին Իջեւանի «ՔՊ» Նախաձեռնող խմբի նիստի ժամանայկ հայտարարել է․ «Տարիներ շարունակ մեր ամբողջ ռեսուրսը ծախսել ենք ԼՂ պետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա»։
Նա մասնավորապես ասել է․ «Մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա»։

Սա Հայաստանի ղեկավարին անհարիր հայտարարություն էր։

Նախ, որ Փաշինյանն ըստ էության խոստովանում է, որ Արցախն իրականում իր համար «բեռ» է եղել, որը իր պատկերացմամբ, գտնվել է Հայաստանի ուսերին եւ ինքը հիմա, հանձնելով ու հայաթափելով Արցախը, ըստ էության փորձում է ազատվել այդ «բեռից» եւ ուժերը կենտրոնացրել է էլի իր պատկերացմամբ՝ Հայաստանի կայացման վրա։

Հարց է առաջանում նախ, թե եթե այդպես էր նա մտածում 2018-2020 թվականի նախքան սեպտեմբերի 27-ը, ապա ինչու էր հայտարարում «Արցախը Հայաստան է եւ վերջ», հայտարարություն, որն ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վճռորոշ նկանակություն ունեցող դրվագներից մեկը եղավ, որ սկսվի 44-օրյա պատերազմը։

Մյուս կողմից, Փաշինյանը Արցախը հայաթափելուց եւ հանձնելուց հետո, սկսել է մարզային այցելությունները ակտիվացնել, որոնց ընթացքում ըստ էության ձեւակերպում է այն թեզերը, որոնց շրջանակում պետք է ՔՊ-ական ակտիվը եւ առհասարակ ՔՊ-ականները փորձել ժողովրդի «ականջներից լապշա կախել»։

Փաշինյանի այս մարզային այցերի ակտիվացումը կարծես թե անուղղակի հաստատում է այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու եւ ըստ ամենայնի նախընտրական ռեւիզիա եւ նախընտրական գաղափարական թեզերի բազայի ստեղծում է իրականացվում։ Կարող ենք ասել, որ նման այն հանցագործին, ով փորձում է հորինել արդարացումներ իր կատարած հրեշավոր հանցագործության համար, որպեսզի արդարացնի իրեն, Փաշինյանն էլ ըստ էության հենց նման գործով է զբաղված եւ իր խառնվածքին համապատասխան, փորձում է հիմնավորումներ հորինել եւ նետել շրջանառության մեջ, թե որքան ճիշտ էր իր կողմից Արցախի հանձնումը եւ դրանում ինքը մեղք չունի, քանի որ դա անխուսափելի գործընթաց էր։
Սակայն, վերադառնալով Փաշինյանի արտահայտած մտքին։ Փաշինյանն այս մտքով ըստ էության նմանվում է այն ընտանիքի հորը, ով ունենալով թույլ, առողջական խնդիրներով երեխա, ոչ թե նորմալ բուժման է տանում նրան, որ երեխան ոտքի կանգնի, այլ զբաղվում է ինքնաբուժությամբ, հեքիմների, տարատեսակ կախարդների ու շառլատանների ձեռքն է գցում երեխային, իսկ երբ արդեն «բանը բանից անցնում է», որոշում է մարդակեր դառնալ եւ պարզապես ուտել սեփական երեխային՝ մի քանի օր եւս կուշտ մնալու համար։