Եթե ԵՄ-ն տեսնի ինչ–որ բան, որ պետք է փոխանցի,...

Եվրոպական միությունը աջակցություն է տրամադրում Հայաստանին, մենք իրականացնում ենք աջակցություն փորձագիտական ոլորտում, և ողջունում ենք երկխոսությունը դատական համակարգի, քաղաքացիական հասարակության և կառավարության միջև։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատության վերաբերյալ ԵՄ տեսակետին, դեսպանը նշեց, որ այն պրոցես է, որն ընթացքի մեջ է։

«Չեմ ցանկանում որեւէ դիտարկում անել դրա վերաբերյալ, մենք սպասում ենք ռազմավարությանը, երբ այն պատրաստ լինի, մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»։

Հարցին, թե դատական համակարգի բարեփոխման գործընթացում կա՞ն հայտարարություններ, որ մտահոգել են ԵՄ-ին, հատկապես դատական համակարգի վրա ճնշո՞ւմ նկատել են, նա պատասխանեց. «Ես չէի ցանկանա մեկնաբանություն անել այս հարցի վերաբերյալ, մենք վերջին 2 շաբաթվա ընթացքում ակտիվ աշխատում ենք արդարադատության նախարարի և վարչապետի հետ, տպավորությունն այն է, որ նրանք ցանկանում են համագործակցել մեզ հետ բարեփոխումների հարցում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Հարցին, թե Հայաստանին ավելի քիչ աջակցություն է տրամադրվում ԵՄ–ի կողմից, հնարավո՞ր է վերանայել աջակցության չափը, դեսպանն ասաց. «Սա եւս գործընթաց է, մենք բաց ենք եւ բարելավում ենք համագործակցությունը, մենք հոկտեմբերի 9-ին Արեւելյան գործընկերության շրջանակներում մեծ իրադարձություն ունենք, որը ՀՀ կառավարության նախաձեռնությունն է, եւ ես վստահ եմ, որ մենք այն կշարունակենք եւ կընդլայնենք հաջորդաբար»։