Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են և մեծ ծավալով բարեփոխումներ են իրականացվում, որ դպրոցասահակները որակյալ կրթություն ստանան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ վարչապետի և կրթության նախարարի դպրոցահասակ երեխաները նախընտրում են կրթություն ստանալ ոչ թե Հայաստանի, այլ արտերկրի ուսումնական հաստատություններում։ Այս մասին «ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ» ԱԺ լսումներին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանից հետաքրքրվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում՝ կրթության ոլորտի բարեփոխման համար, բայց յուրաքանչյուր անհատ ունի երկրի և ուսումնական հաստատության ընտրության իրավունք:
Երկրորդ հարցով Ղազարյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված սովորողների իրավունքներին:
«Ձեր ելույթի վերջում խոսեցիք Արցախից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթության կազմակերպման հարցում ձեր ջանքերի մասին։ Բայց որքանով ինձ հայտնի է, այն կառավարությունը, որը Դուք ներկայացնում եք, իր գործունեության ծրագրում չէր խոստացել մեր քաղաքացիներին, որ նա պետք է աջակցի այդ երեխաներին և ուսանողներին՝ կրթություն ստանալու Հայաստանում, այլ պարտավորություն էր ստանձնել, որ պետք է ապահովի նրանց կրթության իրավունքն իրենց հայրենիքում: Նրանց իրավունքների խախտման կապակցությամբ ի՞նչ ջանքեր է գործադրում Ձեր կառավարությունը»,- հարցրեց Ղազարյանը:
«Բոլորս գիտենք, որ սա չէր կարող պլանավորված լինել: Մենք ունեցել ենք արտակարգ իրավիճակ, որի արդյունքում սովորողները տեղափոխվել են Հայաստան: Որպես ոլորտի պատասխանատու՝ նշում եմ, որ գերատեսչության կողմից անմիջապես կազմակերպվել են աշխատանքներ բոլոր՝ դիպլոմների վերականգնման, սովորողների կրթության շարունակականության և մնացած բոլոր ուղղություններով, աշխատանքներն այնպես ենք կազմակերպել, որ որևէ խնդիր չառաջանա քաղաքացիների համար»,- պատասխանեց փոխնարար Սվաջյանը: