Եթե դուք ուզում եք մի քանի րոպեում մինչև 100...

Սիրելի քաղաքացիներ, եթե դուք ուզում եք մի քանի րոպեում մինչև 100 հազար դրամ գումար աշխատել, ապա այս ելույթը ձեր մասին է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ընդամենը ձեզ պետք է լրացնել տարեկան հայտարարագիր։ Ինչքան էլ այս օրերի ընթացքում կեղծ լուրերով մեզ բոլորիս փորձեցին մանիպուլացնել, թե համընդհանուր հայտարարագրումով պետությունը դատարկում է քաղաքացու գրպանը, քաղաքացուն դարձնում է տուգանքի մատերիալ, նախագիծը ուղիղ հակառակի մասին է։

Սիրելի քաղաքացի, եթե դու նախորդ տարվա ընթացքում վճարել ես քո բոլոր հարկերը, որ դու պարտավոր էիր վճարել, ապա այս փոփոխությամբ քեզանից որևէ գումար չի գանձվելու, այլ ընդհակառակը հայտարարագիրդ լրացնելուց հետո ՊԵԿ-ը քո ներկայացրած բանկային հաշվին մինչև 100,000 դրամ գումար կփոխանցի նախորդ տարվա ընթացքում կատարած քո առողջապահական և կրթական ծախսերի համար, այդ թվում ոչ միայն անձամբ քո, այլ ընտանիքիդ անդամին՝ ծնողների, ամուսնու, երեխաների համար կատարված ծախսերը:

Համընդհանուր հայտարարագրումը, օրինապահ քաղաքացու համար որևէ նոր հարկային պարտավորություն չի առաջացնում, որևէ նոր հարկատեսակ չի ավելանում, որևէ գումար ձեզանից չի գանձվելու, ձեր հարազատից, բարեկամից, քավորից, սանիկից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում է աշխատում, ձեզ գումար է փոխանցել, որևէ գումար դրանից չի գանձվելու։

Ասեմ ավելին, այս դահլիճում առնվազն մեկին գիտեմ, որ արդեն իսկ 100 հազար դրամ գումար հետ է ստացել նախորդ տարում իր երեխայի կրթության համար վճարված ծախսերի համար»,-ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, շատ կարևոր ինֆորմացիա փոխանցեցիք, հուսամ մեր անաչառ լրատվական դաշտը այս ինֆորմացիան մաքսիմալ կտարածի»: