Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը, ինչի կապակցությամբ քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: 2016 2.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:
«Ես ասել եմ նախկինում, և այսօր էլ այդ խնդիրը իմ օրակարգում է և Կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ ենք արել Քառօրյա պատերազմից 3 տարի անց:
«Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ հակամարտությունը կարգավորված չի: Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում»,-նշեց վարչապետը։
Դիտարկմանը, թե օրեր առաջ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, Փաշինյանն արձագանքեց.
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



