
Չգիտեմ՝ հորդորս տեղ կհասնի, թե՝ ոչ, բայց լավ կլինի, որ պարոն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես հասկանում եմ` քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով՝ ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց հայերիս անհրաժեշտ է, որ պարոն Վարդանյանը և մյուս գերի տղաներն անվտանգ, առողջ վերադառնան հայրենիք»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների բերած այն հակադարձումներին՝ իրենք չեն կարող տեսանելի ցույց տան՝ ինչ են անում գերիների վերադարձի համար, Մամիջանյանն ասաց, որ այդ «տեսանելի, անտեսանելի»-ն, «վնաս կտա»-ն այնքան հին, ու պարզունակ քողարկումներ են անգործության, դրանց նույնիսկ անդրադառնալու իմաստ չի տեսնում։
«Իրենք անդադար նշում են սկզբնական թիվը գերիների, բերում են հիմիկվա թիվը: Նախ ես ՔՊ-ական չեմ, ես մարդկանց կյանքերը ստատիստիկ տվյալների չեմ վերածում։ Փաշինյանն էր չէ՞ Ազգային ժողովի ամբիոնից ասել, որ այսքան զոհեր ունենք, պլյուս-մինուս այսքան։ Այ այդպես են իրենք մարդու կյանքին վերաբերվում, ես այդպես ասել չեմ կարող: Դե որ խոսում է նախորդ շրջանում գերիների վերադարձից, մի հատ էլ հիշեցնեմ՝, Ադրբեջանի, 2020 թվականի նոյեմբերի իննից սկսած, պահանջներից մեկն էր ականապատ տարածքների քարտեզները: Ինքը կես տարի այդ քարտեզները չտվեց ու տվեց 2021 թվի արտահերթ ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործի դա որպես քաղաքական դիվիդենտ։ Այ այդպես եք գերի բերում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գնահատականներին՝ գործողությունը արվում է, թե՝ չէ, նա ասաց, որ առհասարակ ցանկացած գործողություն գնահատվում է արդյունքով։
«Այդ մարդկանց տանջամահ են անում: Եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջը, բա ումի՞ց պիտի լինի պահանջը, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են։ Ոնց ուզում են, թող բերեն։ Դա իրենց պրոբլեմն է։ Մենք՝ ընդդիմությունը, այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է՝ միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, այսինքն եղել են դեպքեր, երբ այդ հարցը ընդդիմության, Հանրապետականի կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում ավելի շատ լսելիություն ապահովելու համար։ Այնպես որ ամեն ինչը գնահատում են արդյունքով»,- ասաց նա։