
Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․
Կարսարի մոտ կամուրջ կառուցելու համար ալեքսանդրապոլցի աստիճանավոր Ստեփանոս Անանիկյանցը դիմում է «Կովկասյան ճարտարագործական կառավարությանը»՝ իր սեփական միջոցներով կամուրջ կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումը բավարավում է։ Կամուրջը կառուցվում է Շիրակի մարզի հյուսիս արևմտյան մասում, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա։
Եռաթռիչք կամուրջի շինարարությունը հանձն են առնում ալեքսանդրապոլցի արհեստավարժ վարպետները, որոնց համբավը տարածված էր ամբողջ Կովկասում։
Կամուրջ կառուցելը վստահվում է վարպետ Պապիկ Բարտաշողեանցին և Թադէոս Անտիկեանցին՝ այն նույն վարպետներին, ովքեր կառուցել էին Ալեքսանդրապոլի վեհաշուք Ամենափրկիչ եկեղեցին։ Նրանք մեծ պատասխանատվությամբ և վարպետությամբ ձեռնամուխ են լինում կամրջի կառուցմանը։
Շինարարական աշխատանքների վերահսկողությունն իրականացրել են Անանիկյանցի եղբայրը՝ Կարապետ Անանիկյանցը, և ճարտարապետ Գրիգոր Ռաֆայելյանցը։
Կամուրջը կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ թռենիչքների եզրագոտիները՝ սրբատաշ քարերից։ Կառույցի վրա փորագրված է եռալեզու արձանագրություն՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն։ Հայերեն արձանագրության մեջ ասվում է․
«Ամենազոր Աստծու շնորհով կառուցվեց այս կամուրջը Ռուսաստանի փառահեղ կայսր Ալեքսանդր Երկրորդի գահակալության օրոք՝ Ստեփանոս Անանիկյանցի ջանքերով և ծախսերով՝ ի հիշատակ իր կնոջ՝ Գայանեի, եղբոր՝ Կարապետի և նրա կնոջ՝ Հռիփսիմեի, ինչպես նաև իրենց ծնողների հոգու փրկության։ Կառուցման աշխատանքների վերահսկողը՝ Գրիգոր Ռաֆայելյանց»։
Ավելի քան հարյուր տարի կամուրջը ծառայել է իր նպատակին՝ կապ ապահովելով քաղաքի և շրջակա տարածքների բնակիչների ու ճանապարհորդների համար։ Սակայն խորհրդային տարիներին կամրջի միջով անցկացված ջրագծի պատճառով կառույցը սկսում է աստիճանաբար քայքայվել և այսօր արդեն գտնվում է փլուզման եզրին։ Եթե առաջիկայում շինարարական միջամտություն չարվի, Անանիկյանցի կամուրջը կարող է անհետանալ՝ դառնալով ևս մեկ կորուսյալ էջ մեր ճարտարապետական ժառանգության պատմության մեջ։ Իշխանության կողմից տրված վերականգնման խոստումները, ինչպես միշտ, մնացել են միայն խոսքերի մակարդակում: