Եթե ակադեմիական քաղաքը իրականություն դառնա, շ...

Եթե ակադեմիական քաղաքը իրականություն դառնա, շատ բուհերի մոտ ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը եւ այն կառույցները, որոնք մինչ այդ բուհ են եղել, բայց այլեւս կհամարվեն ոչ նպատակահարմար այնտեղ կրթություն իրագործելու համար,  կարելի է վաճառել ու ներդնել։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա, այդ բոլոր շենքերն էլ որ վաճառենք, այդ գումարը չի բավարարելու ակադեմիական քաղաքն իրականություն դարձնելու համար։ Այդտեղ լուրջ ներդրումներ են պետք»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ  Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ hանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գաղափար ունեն Երեւանի  բուհերի մեծամասնության շենքերը  հանել վաճառքի, ստացված գումարներից Երեւանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք։