
Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը պայմանավորվել ենք, որ հետագայում էլի կլինեն հանդիպումներ. մեր նպատակն է գտնել ողջերին, եթե որեւէ կասկած կա, որ իրենք կարող է ողջ լինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանդիպմանը:
«Այսինքն քանի դեռ մասունքները գտնված չեն եւ ծնողը համոզված չէ, որ դա իր երեխայինն է, ճիշտ ձեւակերպումն է, որ առաջին հերթին պետք է ստեղծվի հնարավորություն սկզբից որոնել ողջերին»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով իր ճեպազրույցի ժամանակ իր արտահայտություններին, որից վրդովվել էին ծնողները, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այո, ես ընդունեցի, որ ճիշտ կլինի այդ ձևակերպումը, որ մենք պետք է առաջին հերթին փնտրենք ողջերին, շեշտը դնենք դրա վրա:
Իրենք ասում են մեր երեխաները մահացած չեն, ողջերի մեջ պետք է փնտրել: Հանձնաժողովների աշխատանքները պետք է միտված լինեն դրան, որ եթե գերի ընկած կա, ողջ կա, որի ուղղությամբ կարող ենք աշխատանք տանենք, դա լինի հիմքը։ Իսկ եթե մասունքներ գտնենք, նաև ուսումնասիրությունների արդյունքում պետք է պարզենք, թե դա ում մասունքն է: Այդ ծավալի մեջ կարող են հայտնվել մասունքներ, որը պետք է ուսումնասիրի, թե ում է պատկանում։ Կարող է, օրինակ, մասունք լինի, որ ոչ թե մերն է, այլ ադրբեջանցու է
Այսինքն երբ ասում ենք, որ մենք պետք է որոնենք, որոնողականը չի վերաբերվելու միայն մասունքներ փնտրելուն, այլ նաև ողջերին գտնելուն»,-ասաց Քոչարյանը: