Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախց...

«Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր պլանի հերթական մասին է անցել։ Նա ուզում է արցախցիներին ու Արցախի պետականության մնացորդները վերացնել  արցախցիների ձեռքով»,- Հայաստանում Արցախի  ներկայացուցչության մոտ լրագրողներին ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։

Նա նշեց, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ պետք է դատել Արցախի ղեկավարներին, պատգամավորներին, գալիս է այստեղ ու հայտարարում է, որ արդեն այստեղ է գտնվում, որից հետո  այնտեղ եղած բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալում են։

Նարե Սիմոնյանը դեմ է այստեղ հավաքված արցախցիների արարքին, ովքեր մտել էին Արցախի  ներկայացուցչություն։ Նա մտավախություն ունի, որ այս գործողությունը ուղղորդված է և կարող է պատրվակը լինել անգամ ներկայացուցչությունը փակելուն։

«Այսպես ուղղորդում է, որպեսզի վերացնի պետականության վերջին նշույլները։ Ես չգիտեմ, թե ինչ պաշտոն, ինչեր են խոստացել Սամվել Բաբայանին դրա դիմաց։ Եվ ես հայտարարում եմ, որ հաջորդ անգամ այս դուռը ջարդելու և մտնելու համար նախ  իմ հայրենակցիները ստիպված կլինեն ջարդել ինձ և իմ երեխաներին։

Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»,- ասաց Նարե Սիմոնյանը։

Նա նշեց, որ հասկանում է  այստեղ հավաքված արցախցիներին,  հասկանում է, որ նրանք էլ են ցավում. «Սակայն այդ ցավը չպետք է մեր բանականությունը բթացնի։ Այդ նույն ցավը ես ունեմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ Արցախը ներկայացնող վերջին շենքն է սա, փակեն»։