Ես 2020-ի նոյեմբերի 10-ին Արցախից վերադառնալուց հետո կանխում էի խուլիգանական ակցիաները, որոնք տեղի էին ունենում ԱԺ-ում, կառավարությունում. Շատ ակտիվ այդ գործընթացով էի զբաղված, որպեսզի հակաժողովրդավարական ուժերը որեւէ պարագայում հեղաշրջման իրենց փորձերը չկարողանան իրականացնել: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2021-ին ինքը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ վստահ չի եղել, որ ՔՊ-ն կընտրվի, եւ չի ցանկացել ասոցացվել նրանց հետ:
«Այդ ժամանակ կանխվեցին հեղաշրջման փորձերը, եւ այդտեղ ինձ մեղադրել, որ ես ինչ-որ տեղ պատասխանատվությունից խուսափել եմ... այո, մենք ունեցել ենք մեր թիմի հետ տարաձայնություններ, որոնց մասին ես հանրայնորեն խոսել եմ, բայց աջակցել եմ եւ 2020-ի նոյեմբերին, եւ 2021-ի ընտրություններին, ես ջանք ու եռանդ չեմ խնայել, որ հակաժողովրդավարական ուժերը որեւէ շանս չունենան գալու իշխանության Հայաստանում»,-ասաց Ավինյանը: