«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը». Փաշինյան...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն:

«Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում  կայունության ու անվտանգության ապահովման  գործից», - նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից:

«Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի ու ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա», - ասաց ՀՀ վարչապետը: