Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից «հաշտվողական հայտարարությունների» ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք», - ասել է նա։

«Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարությանը։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե կան տարաձայնություններ, պետք է դրացիական հարաբերություններ զարգացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները հարգելու հիման վրա։ Ուստի մենք կարող ենք աստիճանապես կարգավորել հարաբերությունները ՀՀ հետ՝ նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին՝ Սարաևոյից վերադառնալիս։

Ըստ նրա, միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո կարելի է պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և համագործակցության համար։

«Նույն ընկալումով Ադրբեջանն է առաջարկում բանակցություններ սկսել ՀՀ հետ համապարփակ խաղաղ պայմանագիր կնքելու համար։ Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կառաջանան Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել այդ պատմական շանսը։ Օրակարգում մեր առաջարկն է «Հինգի հարթակ» կամ «Վեցի հարթակ» ստեղծելու մասին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ, Իրանի և ՀՀ մասնակցությամբ։ Մենք առաջարկել ենք ներառել նաև Վրաստանին։ Եթե այդպիսի հարթակ ստեղծվի, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի»,-ասել է նա։

Էրդողանն ասել է նաև, որ տարածաշրջանում պետք է անցկացնել երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներ, «որոնք կկապեն երկրները, և այդպիսով բոլոր խնդիրները կհաղթահարվեն»։

«Մենք քննարկել ենք այս հարցերը (ՌԴ նախագահ) Պուտինի հետ և համաձայնության եկել։ (Ադրբեջանի նախագահ) Ալիևի հետ ևս։ Իրանում փոխվել է նախագահը, և նրա հետ ևս մենք այդ թեման կքննարկենք»,-ասել է Էրդողանը։