Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը: Այս մասին այսօր Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ հիասթափված է ընդդիմությունից եւ իրենից:
Ըստ Մանուկյանի՝ իրենց պլաններում էր Հայաստանի ամբողջ տարածքով հանդիպումներ անցկացնել, ֆորում հրավիրել մարզահամերգային համալիրում, որտեղ հրավիրված կլինեին այն մարդիկ, որոնք հրապարակային պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ինքն այդտեղ կներկայացներ Կառավարության ծրագիր, սակայն պլանները խախտվել են ԶՈՒ ԳՇ–ի հայտարարությամբ պայմանավորված։
«Հիմա մենք կփորձենք այդ ծրագիրը իրականացնել»,– ասաց Մանուկյանը՝ պնդելով դիրքորոշումը, որ փողոցային պայքարը պիտի շարունակվի։



