
Փոքր ու միջին առեւտրականներն այսօր՝ ապրիլի 30-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Նրանք բողոքում են շրջանառության հարկը հունվարի 1-ից 5 տոկոսի փոխարեն 10 տոկոս դարձնելու դեմ:
«Ասում են հույսը վերջում է մահանում, հիմա մենք այդ ակնկալիքով ենք եկել: Այստեղ ոնց որ հանդիպում է լինելու, մեր ՓՄՁ-ների ասոցիացիայի նախագահը այնտեղ մեզ ներկայացնելու է խնդիրը, թեպետ 100 անգամ է ներկայացրել: Բոլորին հանդիպել ենք, ասել ենք՝ ինչ է կատարվում, հետևանքը ինչ կլինի, բայց մեզ չեն լսել»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը:
«Երկրի ղեկավարը մի քանի տարի առաջ փոքր բիզնեսին ազատեց հարկերից, օրինակ, տաքսիների վարորդներին, որ մարդիկ գոյատևեն։ Ես կարծում եմ, որ նույն գոյատևումն է, ոչ մի բան չի ավելացել։ Այսօրվա ղեկավարը յոթ տարվա մեջ երեք անգամ բարձրացրել է մաքսային արժեքները։ Այսօրվա ղեկավարը չորս-հինգ անգամ բարձրացրել է հարկերը, բայց անկախ ամեն ինչից մեր բյուջեն դեռ դատարկ է: Այնպես չի, որ մենք հրաժարվում ենք մեր հարկերից, ես կարող եմ ասել, որ այստեղ այն մասսան է, որ պատրաստ է հարկեր վճարելու: Ես չգիտեմ՝ ինչ են ուզում մեզանից: Սա շատ վատ հետևանքների է բերելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՔՊ խմբակցությունից Բաբկեն Թունյանը նախորդ անգամ ասել էր, որ հավանականությունը զրոյին մոտ է, որ կարող է ինչ-որ բան փոխվել, տնտեսվարողն ասաց. «Ուղղակի ես զարմանում եմ, մենք խի՞ ենք հարկեր վճարում, նման նախարարներ ու պաշտոնյաներ պահում: Բաբկին Թունյանը պետք է պաշտպաներ անհատ ձեռներեցի շահերը։ Նախ պետք է հանդիպումներ լինեին, հասկանար իրավիճակը, որ օրենք ընդունեին: Ես մտածում եմ ափսոս են այն հարկերը, որ տալիս ենք, իրենք վճարվում են ու պարգևավճար ստանում
Իրենք իրենց պարգևների, իրենց կոպեկների հետևից են գնում, չմտածելով, որ այստեղ հայրենիք կդատարկվի»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը: