Ես չեմ տեսնում տնտեսական հեղափոխությանը միտվա...

Տնտեսագատ Կարեն Ադոնցը անդրադարձել էր Հայաստանի տնտեսությանը՝ նշելով այն քայլերը, որոնք պետք է կատարվեին «տնտեսական հեղափոխության» համար: Politik.am-ի հետ զրույցում Ադոնցը մանրամասնել է, թե իր կարծիքով՝ ինչ է այսօր կատարվում Հայաստանի տնտեսական դաշտում, և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

Ըստ տնտեսագետի՝ այսօր տնտեսության մեջ տեղի ունեցող տեղապտույտները հավասարակշռմանն ուղղված քայլեր են.«Կա՞ մի բան, որն արվել է: Ես չեմ տեսնում որևէ քայլ ոչ միայն տնտեսական հեղափոխությանը, այլև պարզապես տնտեսական զարգացմանը միտված: Մեր ցածր կենսամակարդակը բարձրացնելու համար մեծ քայլեր են պետք: Եթե մեր ծավալները էապես չաճեն՝ գոնե մի 15%-ով (ու դա լինի իրական ներառական զարգացում, որի մեջ լինեն հասարակության խոշոր շերտերը), բաց բաժնետիրական ընկերությունների, փոքր ձեռնարկատիրական ընկերությունների միջոցով չզարգացնեն տնտեսությունը, ես չեմ տեսնում զարգացման լուրջ հեռանկար»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի տնտեսական զարգացման մասին ներկայացվող ցուցանիշները, Կարեն Ադոնցը պատասխանում է.

«Ցուցանիշները կրկնում են այն, ինչ միշտ եղել է: Ինչ-որ բան կատարվում էր միշտ: Հունվարի ցուցանիշներով, օրինակ, արտահանման ցուցանիշների անկում է տեղի ունեցել, արդյունաբերությունը տեղից չի շարժվում, անկում է եղել նաև ներմուծման ծավալների մեջ: Աճել է միայն սպասարկման, առևտրի ոլորտը»:

Մեր այն հարցին, թե տնտեսագետն ինչպես կգնահատի տնտեսական բլոկում աշխատող մասնագետների աշխատանքը, Ադոնցն ասում է, որ եթե իրենք ունենան հստակ նպատակ, տեսլական, պատկերացում, կկարողանան շատ արագ Հարկային օրենսգիրքը կազմել, օրինակ: Ըստ տնտեսագետի՝ հիմնական խնդիրը հենց հստակության բացակայությունն է, իսկ մասնագետները որակական հատկանիշները երևում են աշխատանքի ընթացքում:

«Պետք է կոնկրետացնել՝ ինչ ենք անում: Թե չէ նման է հետևյալ իրավիճակին՝ մենք կարող ենք կառուցել հսկայական ճանապարհներ, բայց այդ ճանապարհներով մեքենաներ չերթևեկեն»:

Մարիամ Սարգսյան