Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել....

Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակի ավագանու անդամ,  Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մկրտչյանը:

«Ես երեկ դիմում են ներկայացրել ինքնաբացարկի: Նոտարով, ամեն ձևով հաստատել հրաժարվել եմ, նախ առողջական խնդիրներ ունեի, մի քանի օր առաջ սրտի հետ կապված խնդիր ունեցա»,- ասաց նա:

Ինչպես է գնահատում փաստը, որ «Իմ հզոր համայնք»-ը գյումրեցուց ստացած քվեն փաստացի ծառայեցնելու է այլ ուժի, ավելի հստակ Վարդան Ղուկասյանին:

Պատասխանելով հարցին՝ Մկրտչյանն ասաց՝ իր որոշելիքը չէր դա:

«Հետո էս խառնաշփոթից ես երբեք գլուխ չեմ հանի, ինքս արվեստագետ եմ, ես քաղաքական բաներով չեմ զբաղվել, ես չեմ դա որոշողը, ովքեր որ որոշել են, երևի ունեն իրենք իրենց պատճառները, խնդիրները:

Ինձ առաջարկեցին, ես մասնակցեցի: Ես միշտ էլ մասնակցել եմ քաղաքի մշակութային կյանքին, ամբողջ կյանքս՝ 50 տարի աշխատում եմ, Գյումրու պատվավոր քաղաքացի եմ, որ առաջարկեցին՝ չմերժեցի, մտածելով, որ Գյումրու ավագանիում մշակութային հարցերի մեջ երևի օգտակար կլինեմ:

Բայց քանի որ առողջական խնդիրներ ունեցա, որոշեցի հրաժարվել»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը:

Եթե առողջական խնդիր չծագեր՝ կշարունակե՞ր Գյումրու պատվավոր քաղաքացին սկսած գործը այն թիմի հետ, որն այսօր իր քվեները տվել է Վարդան Ղուկասյանին:

«Չէ, ճիշտն ասած դրա մասին չեմ մտածել, բայց երևի կսպասեի, որ ջրերը պարզվեին, որ ես իմ անելիքն իմանայի: Ես էն մարդկանցից չեմ, որ կարող է կռիվ անել, անպատվել, կարող է անպատիվ խոսք ասել, կամ անպատիվ խոսք լսել, եթե էդ ամբողջ պարզեցումից հետո նկատեի, որ անառողջ մթնոլորտ պիտի լինի, հազար տարի մնար՝ չէի աշխատի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը: