««Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում»․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր արաբական գարուն կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրոմայդանին: Այսինքն խորքային պատճառը ՌԴ կոշտ հակազդեցությունն է արևմտյան ներթափանցմանը իր ազդեցության գոտիներ:
Ստացվում է շուրջ տաս տարի ձգվող ռազմաքաղաքական դիմակայություն, որն իր գագաթնակետին հասավ ուկրաինական լայնածավալ պատերազմով: Այս ճակատում ելքը դեռևս չի երևում, սակայն Իսրայել-Համաս պատերազմը Գազայի հատվածում և Հզբոլլահի ներգրավումը ակտիվ ռազմական գործողություններին, նրանց առաջնորդների սպանությունները մեծացնում են մերձավորարևելյան ճակատի կարևորությունը, տարածաշրջանը կանգնեցնելով լայնածավալ պատերազմի շեմին: Ինչպիսի իրադարձություններ կհաջորդեն մեկը մյուսին, դժվար է ստույգ կանխատեսել, սակայն կան գործոններ որոնք անպայման պետք է նկատի ունենալ, երբ փորձում ես կանխատեսումներ անել:
Առաջին-«Երրորդ համաշխարհայինը» չի կարող ավարտվել որևիցե մի կողմի հաղթանակով, ինչպես եղավ առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ:
Հակամարտ բլոկներում կան միջուկային տերություններ, որոնք պարզապես չեն կարող պարտվել որովհետև ունեն ողջ երկրագունդը ոչնչացնելու ջերմա-միջուկային պոտենցիալ: Առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, դա աշխարհի նոր բաժանումն է՝ ՌԴ, ԵՄ/ԱՄՆ, Չինաստան ազդեցության գոտիներով, Ճապոնիայի, Հնդկաստանի և մի քանի այլ տնտեսական ուժեղ խաղացողների շահերի հաշվարկով:
Երկրորդ-Մերձավորարևելյան ճակատում թեժացումը մարտահրավերներ առաջ կբերի և ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի համար: Նրանք ստիպված նոր բեռի տակ են ընկնելու այս տարածաշրջանում իրենց դաշնակից-կողմնակիցներին պաշտպանելու համար: Ռուսաստանը՝ Սիրիային և Իրանին, Արևմուտքը՝ Իսրայելին:
Երրորդ-ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է հակաիսրայելական ճակատի ակտիվ դերակատար, որն ստեղծել է անտրամաբանական և հակասական իրավիճակ: Երրորդ-Իրանի նոր գործադիր իշխանության ղեկավար նախագահ Փեզեշքիանը լինելով բարեփոխիչների քաղաքական թևի առաջնորդ ի սկզբանե հաղթեց ընտրություններում Արևմուտքի հետ առճակատմանը վերջ տալու մասին իր քաղաքական պլատֆորմի շնորհիվ, ի տարբերություն ավիովթարից զոհված Ռայիսի/Աբդոլահիան քաղաքական դիրքորոշման:
Չորրորդ-Տարածաշրջանի հզոր դերակատարներից Սաուդյան Արաբիան, ինչպես տեսնում ենք, առանձնակի պատերազմական հռետորաբանությամբ հանդես չի գալիս: Իմ տպավորությամբ արաբական աշխարհում ոչ բոլորն են ոգևորված իրանական հովանավորությամբ Համասի և Հզբոլլահի ռազմաշունչ գործունեությամբ և հազարից ավելի իսրայելցիների սպանությամբ և պատանդառությամբ, որն ըստ էության ոչինչ չտվեց Գազայի ժողովրդին:
Հինգերորդ-Եգիպտոսը և Հորդանանը ճանաչել են Իսրայել պետությունը, այդ ուղու վրա են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, որոնց համար նպաստավոր չէ Եմենի հուսիթների գոծունեությունը կրկին իրանական հովանավորչությամբ:
Վեցերորդ-Հստակ երևում է, որ պատերազմի ծավալմամբ շահագրգռված չեն Պեկինում, Տոկիոյում և Դելիում, որոնց տնտեսական-էներգետիկ շահերը պահանջում են խաղաղ-համագործակցային պայմաններ տնտեսական ծավալման և ազդեցության տարածման համար»: