Երկու հատ ութ հարկանի շենք են սարքում այն գոտ...

Երկու հատ ութ հարկանի շենք են սարքում այն գոտում, որտեղ կոյուղի չկա, որտեղ հորային սիստեմ է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, բողոքի ակցիայի ժամանակ նշեց Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի բնակիչներից մեկը։

Նշենք, որ բնակիչները դեմ են, որ հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի։ Նրանք նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։

«Սրանք թանկ հողատարածքներ են, մարդիկ ահագին փողեր են տվել, եկել են իրենց տնամերձը քաղաքից դուրս սարքել են, որպեսզի իրենց կյանքը վայելեն, իսկ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը շինթույլտվություն է տվել, որ «Լավո» ՍՊԸ–ն այստեղ 2 հատ ութհարկանի շենք կառուցեն։

Գրել են, որ կոյուղաջրերը հավաքվում են և անցնում են կողքի գործող կոյուղով, ու՞ր է այստեղ կոյուղի, կոյուղի տեսնո՞ւմ եք։ Բոլորս հոր ունենք այստեղ։ Կես կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։  Եթե ունի կոյուղի կա, մենք ինչի՞ չենք օգտվում այդ կոյուղուց։ Այդ բարձրահարկերի  կոյուղները գնալու են հորերի մեջ լցվեն ու այդ ջրերն էլ գնան մեր տների տակ։

Շենքը կառուցում են մեր տնից 6 մետր հեռավորության վրա։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այստեղ կառուցվի, երկու հատ ութհարկանի է սարքվում, հանրային լսումներ չեն կայացրել։

Պարոն Բաբայան, մենք մինչև շինթույլտվությունը ձեզ տվել ենք 58 ստորագրություն։ Ինքն ասում է՝ եթե քննությունը որոշի, որ ամեն ինչ նորմալ է, ինքը պետք է տա թույլտվությունը։ Ու տվեց շինթույլտվությունը։ Հիմա մենք գնացել ենք դատարան։

Մեր մարդկային իրավունքները խախտում եք, փողը դնում են ջեբները, բիզնես են անում մարդիկ, մեր հաշվին, մեր առողջության հաշվին, այս մարդիկ որոշել են հարստանան։ Մի քիչ կշտացեք, ժողովուրդ, հերիք է այդքան ուտեք մեր առողջության հաշվին։ Պարոն բաբայան, քո տան կողքը, դու այսպիսի բան կթողնեի՞ր սարքեին»,–ասաց ակցիայի մասնակից կանանցից մեկը։