Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը կարող է կոշտ իսլամական կառավարության կամ այնպիսի կառավարության ստեղծում հրահրել, որն ի վիճակի չի լինի վերահսկել իսլամիստական խմբավորումների ազդեցության աճը երկրում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով վերլուծաբաններին եւ դիվանագետներին։
«Տարածաշրջանի ներսում եւ սահմաններից դուրս խիստ վախենում են իշխանության վակուումից, որը կարող է առաջանալ Ասադի հանկարծակի տապալման պատճառով»,- գործակալությունը մեջբերել է Gulf Research Center վերլուծական կենտրոնի տնօրեն Աբդելազիզ ալ-Սահերի խոսքերը։ Որպես օրինակ նա նշել է երկար շարունակված քաղաքացիական պատերազմը Իրաքի եւ Լիբիայի տապալված նախկին ղեկավարներից՝ Սադամ Հուսեյնից եւ Մուամար Քադաֆիից հետո։
Արեւմտյան բարձրաստիճան դիվանագետը գործակալությանը տեղեկացրել է, որ քանի որ ապստամբների ուժերը պառակտված են, գոյություն չունի Սիրիայի կառավարման պլան, եւ դա կարող է հանգեցնել ծայրահեղական իսլամիստական խմբավորումների բարգավաճման։