Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» եր...

Աժ-ում բյուջեի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամին, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին:

«Ես մի թեթև անդրադառնամ պարոն Ռուստամյանի ելույթին։ Պարոն Ռուստամյան, Ձեր ելույթը շատ, շատ էմոցիոնալ էր, իհարկե, բայց որոշ դրվագների հետ ես պետք է չհամաձայնեմ: Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է մարդկության պատմության մեջ, որ հազարամյակների բոհով անցնելով՝ այսօր ունի պետականություն»,- ասաց Աղազարյանը:

Դիմելով Ռուստամյանին՝ Աղազարյանն ասաց. «Դուք մեջբերեցիք նաև Եղիշե Շարենցի հայտնի բանաստեղծությունը, ես խորհուրդ կտամ, որ մյուս անգամ, երբ ընթերցեք այդ բանաստեղծությունը, ուշադրություն դարձրեք այն տողի վրա, որտեղ Մասիս սարի մասին է ասվում»:

Աղազարյանը մեկ այլ փաստարկ բերեց: «Պարոն Ռուստամյան, մի լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա»: Այդ երգը,երբ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։

Օրինակ՝ երբ ես լսում էի այդ երգը պատանեկան տարիքում, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի այդ դրվագները, հասկացա, բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ համար անտեղի էներգիա ծախսեմ դրա վրա: Կիլիկան՝ ուր, ես՝ ուր»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ Վանն իր պատմական հայրենիքն է, Կարս իր պատմական հայրենիքն է, բայց Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ։

«Այն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին, բայց փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար։ Դա շատ լավ է, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից, եթե մենք ինչ-որ բաներ այն չենք անում: Դե մենք էլ, այդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներին թույլ չտանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուստամյանն իր ելույթում ասել էր, որ իրական և պատմական Հայաստան ձևակերպումը հրապարակ բերվեց իր բնույթով պառակտիչ Փաշինյանի  կողմից, բայց  պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ, շարունակել այդ միտքը զարգացնել:

Նա նաև նշել էր. «Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով: Կամ եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»,  կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա՝ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ:

 Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` «լուրջ պրոբլեմ» է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ»: