Մեր խնդիրն է երիտասարդ սերնդին պաշտպանել Արևմուտքի բացասական ազդեցությունից և պահպանել պատմական ճշմարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Աբրամովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումում։
Ելույթի սկզբում նա Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության ղեկավար Գրիգորի Գուրովի անունից ընթերցեց ողջույնի ուղերձը. «Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության անունից ողջունում եմ Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի մասնակիցներին։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապերի վրա, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։ Մեր ժողովուրդներին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմություններն ու ավանդույթները, այլև կայուն և բարեկեցիկ ապագա կառուցելու ցանկությունը։ Երիտասարդությունը կարող է դառնալ հասարակության դրական փոփոխությունների շարժիչ ուժը։ Այսօր ֆորումի շրջանակում մշակվեցին նախաձեռնություններ, որոնք հիմք կդառնան համատեղ նախագծերի համար»։ Աբրամովն ընդգծել է երիտասարդության առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործընթացում։ Նա նշել է, որ ֆորումի նախօրեին Ռուսաստանի Դաշնության հանրային պալատում կայացել է երկու երկրների երիտասարդ առաջնորդների հանդիպում։
Նրա կարծիքով, երիտասարդությունը մնում է անբարյացակամ երկրների հիմնական թիրախը, ինչը հատկապես կարևորում է նրանց կրթելու և պաշտպանելու աշխատանքը։ «Երիտասարդ սերունդն այն է, ինչին հարվածում են մեր թշնամիները մեզ համար բարեկամական ցանկացած երկրներում: Մեր հիմնական նպատակն է դա թույլ չտալ»,- ընդգծեց նա։
Աբրամովը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապին երիտասարդական քաղաքականության հարցերում։ Նրա խոսքով, Հայաստանի հետ համատեղ միջոցառումներն ավելի հաճախ են անցկացվում, քան նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հետ, ինչը վկայում է փոխգործակցության բարձր աստիճանի մասին։ Ավարտելով իր խոսքը՝ Աբրամովը նշել է սերունդների շարունակականության կարևորությունը։
Նա մատնանշեց ավագ սերնդի կողմից Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամության գիտակցությունը, պատմական արժեքն ու ամուր հիմքը երիտասարդներին փոխանցելու անհրաժեշտությունը։
«Մենք տեսանք մի տեսանյութ, որը մեզ հիշեցրեց իրադարձություններ, որոնք հնարավոր չէ ջնջել մեր պատմությունից։ Մեր խնդիրն է երիտասարդ սերնդին պաշտպանել Արեւմուտքի բացասական ազդեցությունից եւ պահպանել պատմական ճշմարտությունը»,- եզրափակեց նա։ Աբրամովը վստահություն է հայտնել, որ ֆորումի աշխատանքը նոր հորիզոններ կբացի համագործակցության համար, խթան կստեղծի համատեղ նախագծերի իրականացման համար և կամրապնդի բարեկամությունը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև։