Երևանը զարգացման հայեցակարգ չունի, չկան չափել...

Երևանում շարունակում են քննարկումները քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ քաղաքի վերելակները վերանորոգելու կամ փոխարինելու համար տարիների ընթացքում կվճարեն Երևանի բնակիչները: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ տրանսպորտային ցանցի բարելավումը ևս կիրականանա բնակիչների օժանդակությամբ: Որոշների կողմից սա որակվեց Հայկ Մարությանի նախընտրական խոստումների դրժում: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը թվարկեց մի քանի բան, որոնք արվում են քաղաքացիների հաշվին՝ այդպիսով նշելով, որ դա սովորական է:

ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը Politik.am-ի հետ զրույցում սա անթույլատրելի մոտեցում է անվանում՝ խնդրահարույց համարելով նաև այն, որ բնակիչները իրենք կորոշեն՝ իրենց շենքում կփոխվե՞ն (կվերանորոգվեն) վերելակաները, թե՞ ոչ.«Ստացվում է՝ ով սոցիալապես անապահով վիճակում է, չպե՞տք է օգտվի»:

Տնտեսագետի կարծիքով՝ Երևանը՝ որպես մեծ տնտեսություն, զարգացման հայեցակարգ չունի, չկան չափելի արդյունքներ՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով: Ըստ Գրիգորյանի՝ Երևան քաղաքի ընտրությունները  չեն անցել ծրագրային բախումների տիրույթում, այլ «սևերի» ու «սպիտակների» բախում է իրականացվել. «Հետևաբար հարցերն այստեղ ոչ այնքան տնտեսական են, քաղաքաշինական են, այլ քաղաքական են»:

Գրիգորյանն ընդգծում է՝ 6 ամիսը քիչ ժամանակ է որևէ էական փոփոխություն կատարելու համար, բայց բավարար է ակնկալվող անելիքների հիմքերը դնելու համար.«Որևէ մեկը չի ասում, թե Երևանում 6 ամսում պետք է վերանային խնդիրները, բայց պետք է նշվեին լուծման տարբերակները: Մենք չունենք հստակ նախանշումներ, թե ինչ պետք է անի քաղաքային իշխանությունը»:

Տնտեսագետն անհասկանալի է համարում նաև, որ քննարկվում էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը այն դեպքում, երբ քաղաքային բազմաթիվ խնդիրների լուծման համար համապատասխան բյուջե չկա.«Երևանյան որոշ խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք սերտ կապված են բնակիչների անվտանգության հետ»,-նշեց Արմեն Գրիգորյանը: