ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ առաջիկայում նաեւ ձեւավորվի գործադիր իշխանությունն ու այսպես ասած, ամեն բան ընկնի իր հունի մեջ, ամենայն հավանականությամբ որոշակի ակտիվացում կսկսվի նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Ներկայումս, ըստ էության երկու մոտեցում կա Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված։ ԼՂ-ն, Հայաստանը, Եվրոպան միակարծիք են այն հարցում, որ ռեգիոնալ կոմունիկացիաների եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են զարգացումներն այլ ուղղությամբ տանել, հիմնականում վնասելով հայկական շահերին։ Ռուսաստանը, թեեւ արտաքնապես ցույց է տալիս, որ մնում է ՄԽ շրջանակներում, բայց փորձում է կրակն իր ոտքերի մոտ քաշել, իսկ կոնկրետ դեպքում՝ աջակցել Բաքվի եւ Անկարայի ջանքերին։ Ու հիմա Հայաստանի իշխանությունների համար, նաեւ ԼՂ իշխանությունների համար առաջնահերթ է, որպեսզի այս երկու ուղղություններից փորձեն անցկացնել այն մեկը, որը հնարավորինս քիչ վնասներ է հասցնելու հայկական շահերին։
Այս առումով կարեւոր է այն, թե Երեւանն ու Ստեփանակերտը որքան քաղաքական կամք, վճռականություն եւ համարձակություն կունենան։ Նաեւ՝ մանեւրելիս արդյոք կկարողանան բավարար ճկունություն դրսեւորել, որպեսզի նաեւ սիրաշահած լինեն Մոսկվային, ազգային շահի գերակայությունը պահելով, քանի որ այս իրավիճակում դա չափազանց կարեւոր է եւ էական, հատկապես եթե նայենք Հայաստան-Ադրբեջան՝ առաջիկա հնարավոր հաշտեցման դիտանկյունից։
Եթե Երեւանին սա հաջողվի, ապա կարող ենք արձանագրել, որ հայկական դիվանագիտությունը կարողացել է դարակազմիկ նվաճում արձանագրել՝ գտնելով «փափուկ կամ ճկուն բազմավեկտորայնության» բանալին։



