Երևանը և Նեապոլը համագործակցության համաձայնագ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: 

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ Տիգրան Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում:

Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի  կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում: 

Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացմանը: