Երևանը բեռնաթափելու նպատակով ակադեմիական քաղա...

Գործող իշխանությունների ամեն նոր որոշում աբսուրդի նոր նիշեր է սահամնում։ Երեկ կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այսպես կոչված ակադեմիական քաղաքի տեղադիրքի համար նախատեսված է 17-րդ թաղամասի մերձակայքն ու «Հայֆիլմ»–ի տարածքը, որոնց մակերեսը շուրջ 700 հա է. «Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»։

Հիշեցնենք, որ իշխանություններն ակտիվորեն թմբկահարում էին Աշտարակում ակադեմիական քաղաքի կառուցման մասին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վեց ամիս առաջ անգամ անձամբ գնացել էր Աշտարակի չոլեր և իր լայվով մարդկանց բացատրում էր, թե ամայի տարածքում ինչպիսի քաղաք է կառուցվելու։

Իշխանությունները նաև պնդում էին, որ Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնելու նպատակներից մեկը Երևան քաղաքի բեռնաթափումն է․ «Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի նվազագույնը 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական, տնտեսական և մայրաքաղաքի բեռնաթափում», - իր ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ գրել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Փաստորեն իշխանությունները Երևան քաղաքը բեռնաթափելու համար, ի վերջո, որոշեցին այպես կոչված ակադեմիական քաղաքը կառուցել հենց Երևանում։ Եթե այս տրամաբանությամբ գործը առաջ գնա, ապա կարող է այնպես լինել, որ բուհերի շենքերը վաճառվեն, բայց ակադեմիական քաղաքը այդպես էլ չկառուցվի։