Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է...

«Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նա նշեց, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ: 

«Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում»:

Սարգսյանի խոսքով` միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում.«Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»:

Փոխքաղաքապետի խոսքով՝ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա չէ շահագործման: