
Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար, միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։
Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք, որպես կանոն, քրեորեն պատժելի արարքներ են:
Ոստիկանությունը հորդորում, բայց նախևառաջ պահանջում է՝ մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են, ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,- ասված է հաղորդագրությունում: