
Կառուցողական քննարկումների, արձանագրված հաջողությունների ամփոփման և ապագայի տեսլականների շուրջ համագործակցության կարևոր հարթակ. Երևանում մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց՝ լիահույս է, որ համաժողովն այս տարի ևս կդառնա բաց և կառուցողական քննարկումների հարևոր հարթակ:
«Երեք տարի առաջ մենք միացանք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի կողմից նախաձեռնված «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա»-ին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել գործընկեր կառավարությունների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ համաշխահային և ազգային սոցիալական արդարության օրակարգի:
Այսօր մեր ջանքերը շարունակվում են ուղղված լինել նրան, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից, կարողություններից և սոցիալական կարգավիճակից, ունենա արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելու հավասար հնարավորություն»,-ասաց նախարարը:
Նախարարը վստահեցրեց, որ առանց մարդկային եղբայրության գաղափարի սոցիալական արդարության հասնելը ոչ միայն դժվար է, այլ նաև անկարելի:
«Անկախ սոցիալական դիրքից, կրոնից կամ մշակութային տարբերություններից արդարության գաղափարը կմնա զուտ տեսություն, քանի որ մարդկային եղբայրությունն այն բարոյական հիմքն է, որի վրա պետք է կառուցվեն համերաշխ հասարակությունները:
Այս նպատակով մշակվել է 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարական ծրագիրը, որով առանձնացվել են կարևոր թիրախային խմբեր՝ 18-29 տարեկան չսովորող և չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի չաշխատող կանայք, սոցիալական աջակցություն ստացող աշխատունակ շահառուներ: Փաստաթուղթը միտված է վերջիններիս տնտեսական ակտիվացմանը, կրթությանը և վերապատրաստմանն՝ աշխատաշուկայում ինտեգրման միջոցով»,-նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ նախարարության նպատակը քաղաքացիներին կախվածության մեջ պահելը չէ, այլ տալ հնարավորություն՝ սեփական աշխատանքով կերտելու բարեկեցիկ ապագա:
Նախարարը կարևորեց նաև, որ ժամանակակից միտումներին զուգընթաց Հայաստանը կիրառում է արհեստական բանականություն և թվային գործիքներ, որոնց միջոցով բարձրացվում է սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, խթանվում են համայնքների միավումը, կառուցվում է արդար ու հոգատար թվային հասարակություն:
«Մեր կառավարության կողմից իրականացվող համապարփակ աջակցման միջոցառումները՝ ներառյալ միանվագ ֆինանսական օգնություն, վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում, բնակարանային հավաստագրեր մասնագիտական ուսուցումով և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների իրավական պաշտպանությունը վկայում են, որ մարդկային եղբայրությունը մեզ համար արժեք չէ միայն խոսքում, այլև առօրյայում իրականացվող կոնկրետ քաղաքականություն:
Հայաստանը նույն մարդասիրական ոգով շարունակում է աջակցել նաև օտարերկրյա փախստականներին և ապաստան փնտրող անձանց՝ ապահովելով կացության, առողջապահության, կրթության, իրավաբանական օգնության և սոցիալական ծառայությունների հասանելիություն»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ առանձնակի կարևորվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները՝ ընդգծելով, որ այս նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-27 թվականների համալիր ծրագիրը, որի նպատակն է ապահովել այդ խմբի լիիրավ մասնակցությունը երկրի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին, հաղթահարելով ներառականության խոչընդոտները:
«Խրախուսում եմ բոլորիս այսօրվա ակտիվ մասնակցությունը համաժողովին՝ ձևավորելու այնպիսի քաղաքականություններ ու գործընկերություններ, որոնք կխթանեն սոցիալական արդարության, մարդկային եղբայրության և համերաշխության գաղափարները: Եվ պատահական չէ, որ մենք այս տարի մեր համաժողովի հիմնական առանցքում որպես գաղափարական առանցք դրել ենք հենց մարդկային եղբայրության գաղափարը»,-եզրափակեց Նարեկ Մկրտչյանը: