Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբ...

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը, որն իրականացվում է Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ։

Ինչպես տեղեկացնում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունը, միջոցառման հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանն՝ ընդգծելով պետության աջակցությունը հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու թվային փոխակերպումների գործընթացներին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այս նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության վառ ապացույցն է:

Նա կարևորել է նման հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս համախմբել ոլորտի դերակատարներին, ամփոփել արձանագրված հաջողություններն ու նախանշել տեխնոլոգիական զարգացման համատեղ առաջնահերթությունները։

Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես՝ Հայաստանի օպերատորների միությանը, միջազգային գործընկեր Հեռահաղորդակցության միջազգային միությանը, ինչպես նաև բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության իրականացմանը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սեդա Շահինյանը և Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն (առցանց):

Բացմանը հաջորդել է «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ազգային ձեռքբերումները» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և ՀՀ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը: Բանախոսները ներկայացրել են ոլորտի առաջընթացին ուղղված նշանակալի ձեռքբերումները, օրենսդրական բարեփոխումներն ու զարգացման ապագա ծրագրերը։

«Հեռահաղորդակցության շուկայի ապագան․ ներդրումներ, ենթակառուցվածքներ և նոր տեխնոլոգիաներ» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Անդրադարձ է կատարվել ներդրումային առաջնահերթություններին, ցանցերի ընդլայնմանը, ինչպես նաև տվյալների կենտրոնների, ամպային լուծումների և արհեստական բանականության աճող դերակատարությանը թվային տնտեսության մեջ։

«Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» քննարկման շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Քննարկվել են հաճախորդների փորձառության փոփոխությունները, 5G տեխնոլոգիաների և իրերի ինտերնետի (IoT) կիրառման ընդլայնումը, ինչպես նաև նորարարական եկամտային մոդելների ձևավորումը՝ ոլորտի կայուն զարգացման նպատակով։

«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը նպատակ ունի միավորելու պետական մարմիններին, օպերատորներին և տեխնոլոգիական համայնքին՝ նախանշելու Հայաստանի թվային ապագան։