Երևանում և Արագածոտնի մարզում կապարակնքվել են...

Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան  և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան։  Այս մասին հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

 «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

▪️ Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։ 

▪️  Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել  նաև  Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։

▪️ Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը  շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ 

▪️ Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը,  որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղաշխատանքի արդյունքում կապարակնքվել են։ 

▪️ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում  ամբողջությամբ ապամոնտաժվել է»,-ասված է հաղորդագրության մեջ: