Երևանում արդեն մի քանի տարի իրականացվում է հա...

Երևանում արդեն մի քանի տարի իրականացվում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագիրը, որը համակարգում է Քաղաքաշինության կոմիտեն։ Պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ միայն նախորդ տարի 1143 հանրային ծառայողներ շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ մատչելի պայմաններով բնակարան և ավտոկայանատեղի են ձեռք բերել «Նոր Երևան» և «Ավան Թաուերս» թաղամասերից։ Կառուցապատողը «ՄԼ Մայնինգ» ընկերությունն է։   
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց «Նոր Երևան» և «Ավան Թաուերս» բնակելի համալիրների շինհրապարակներ՝ տեղում վերահսկելու աշխատանքների ընթացքը։ Նա «ՄԼ Մայնինգ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահի հետ շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված աշխատանքի որակին։   
«Գոհունակությամբ և ուրախությամբ արձանագրեցի, որ երկու թաղամասերի դեպքում էլ շինարարական աշխատանքները ընթանում են ժամանակացույցին համապատասխան և մի բան էլ առաջանցիկ տեմպերով։ Վստահեցում ստացա կառուցապատողից, որ գրաֆիկը կպահեն և նախատեսված ժամանակից շուտ կհանձնեն բնակարանները մեր քաղաքացիներին, ինչպես նաև հանրային ծառայողներին», — լրագրողների հետո զրույցում նշեց Եղիազար Վարդանյանը։ 

«Մենք արդեն ժամանակացույցից բավականին առաջ ենք անցել «Նոր Երևան»–ի երրորդ բլոկում։ «Ավան Թաուերս»–ում ևս աշխատանքները բավական արագ են ընթանում», — նշեց «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։  
Երկու ծրագրերն էլ ավարտին կհասնեն 2027 թվականին։ 
 
«Նոր Երևան» բնակելի համալիրը բաղկացած է լինելու չորս բլոկից։ Երրորդ բլոկում այս պահին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքները, իսկ առաջին և երկրորդ բլոկներում արդեն կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Չորս բլոկների կենտրոնական հատվածում նախատեսված է ամֆիթատրոն։ Տարածքում կլինեն խաղահրապարակներ, կանաչ գոտիներ, ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտեր։ Բնակարանները կտրամադրվեն վերանորոգված և չվերանորոգված տարբերակներով՝ ըստ գնորդի նախընտրության։ 

«Ավան Թաուրս» թաղամասը կառուցվում է Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի 53 հասցեում։ Համալիրը համալրված է ապագա բնակիչների համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ վիտրաժային ֆասադներով և ալյումինե պատուհաններով, բարձրակարգ վերելակներով, ստորգետնյա չորս հարկանի ավտոկայանատեղիով, խաղահրապարակներով, կանաչապատ գոտիներով, մարզադաշտերով և այլ հարմարություններով։  

«Թաղամասային կառուցապատման ծրագրեր են։ Փաստացի հանրային ծառայողները կստանան ոչ միայն բնակարան, այլ նաև միջավայր՝ գեղեցիկ, ձևավորված, կանաչապատված», — շեշտեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանն էլ հավելեց, որ բոլոր աշխատանքները կատարվում են համաձայն հաստատված նախագծերի։

Շինարարությունը նախաձեռնելուց առաջ ընկերությունը մեծ ներդրումներ է կատարել և լուծել կոմունիկացիոն խնդիրները՝ ջուր, կոյուղի, սելաֆատար, գազ և էլեկտրաէներգիա։ 

«ՄԼ Մայնինգ»–ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում շինարարական աշխատանքների որակին։ Բոլոր նախագծերում տեխնիկական վերահսկողությունն ապահովում են հեղինակավոր, միջազգային փորձ ունեցող ընկերություններ։   
Երկու նախագծերում էլ բնակարանների զգալի մասն արդեն վաճառված է։ «Վաճառքի համար շատ քիչ բնակարաններ կան։ Հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը՝ նախագծերի մեկնարկից շատ չանցած բնակարանները գրեթե սպառվում են», — նշեց «ՄԼ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։ 

«Նոր Երևան» և «Ավան Թաուերս» թաղամասերը նոր որակի կառուցապատման ծրագրեր են՝ կառուցված վստահության, որակի և հասանելիության վրա։ Այս նախագծերը փոխում են Երևանի քաղաքաշինական կերպարը՝ առաջարկելով ոչ միայն բնակարաններ, այլև կյանքի նոր որակ։