Երևանում 2025 թվականին նախատեսվում է արդիական...

Երևան քաղաքի արտաքին լուսավորության արդիականացման շրջանակներում 2025 թվականին կշարունակվի սերվերային կառավարման համակարգի հանգուցային մոդուլների տեղադրումը: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025 թվականին նախատեսվում է տեղադրել 560 հանգուցային մոդուլ: Որի արդյունքում հնարավոր է անհատական կառավարում՝ լուսատուների մթեցման հնարավորություն 10-100%-ի միջակայքում:

2025 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է արդիականացնել 28 փողոցի արտաքին լուսավորությունը: Արդյունքում, Երևան քաղաքը կունենա առավել էներգախնայող, արդյունավետ և կառավարելի լուսավորության համակարգ:

Երևան քաղաքի արտաքին լուսավորության արդիականացման շրջանակում 2024 թվականի ընթացքում բարձր ճնշման նատրիումական լուսատուները փոխարինվել են 10 198 ԼԵԴ լուսատուներով, իսկ 83 000 մետր մալուխներ՝ նորերով: Բակային տարածքներում արդիականացումն ամբողջովին ավարտվել է: Ներկայում արդիականացված է ցանցի 85-90%-ը:

Կառուցվել և ընդլայնվել են 52 տարածքների ցանցերը՝ ավելացնելով ընդհանուր 30.23 կմ, ինչի արդյունքում ցանցի երկարությունը հասել է 1822.3 կմ-ի:

Արդիականացումների շնորհիվ 2024 թվականին խնայվել է մոտ 70 մլն դրամ: Արտաքին լուսավորության օրական միացման տևողությունը ավելացել է 1 ժամով՝ կազմելով 9 ժամ 30 րոպե: