Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդումայի կայքէջը:
Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։
«Վյաչեսլավ Վոլոդինը նաև առաջարկել է Հայաստանի պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ընթացքում ընդլայնել աշխատանքային օրակարգը: Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետական դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և պրոֆիլային կոմիտեների հետ՝ հետագա աշխատանքի հարցերը ձևակերպելու համար: Այդ հանդիպումների արդյունքը պետք է լինեն Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական փոխգործակցության կոնկրետ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վյաչեսլավ Վոլոդինը և Ալեն Սիմոնյանը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները: