
Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել:
Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, Մետրոպոլիտենի, նաև «Էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ»,-ասաց Կոստանյանը:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու 45 տրոլեյբուս:
«Այս ակցիաների արդյունքում, որոնցով մարդկանց հորդորում էին չվճարել, ունենք մի իրավիճակ, որ այդ 45-ից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու գնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը չկա: Հետևաբար այդ 30 նոր տրոլեյբուսները դուրս են եկել ցանկից»,-ասաց մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ եթե հավաքագրումները շարունակվեն նման տեմպով, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանն այդ 15 տրոլեյբուսը ևս չկարողանա ձեռք բերել:
«Կան մարդիկ, որոնք իրավիճակից օգտվում են և ընդհանրապես չեն վճարում: Իսկ այդ չվճարումները բերել է բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների»,-ասաց Կոստանյանը:
Չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի օրակարգում: Որոշումը պետք է կայացնի ԱԺ-ն: