Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ընթացքից։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը Սարգսյանը նշեց, որ դեռ 2021 թվականին մրցույթ էր հայտարարվել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
«Նախագծման պայմանագիրը մոտ օրերս արդեն կստորագրենք և աշխատանքները կսկսենք։ Նախագծումը, ըստ պայմանագրի, մեկ տարի է տևելու և ենթադրվում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածում արդեն կունենանք պատրաստի նախագիծը, որը փորձաքննության կենթարկվի, որից հետո մրցույթ կհայտարարենք շինարարական աշխատանքների համար։ Այսինք՝ ստանդարտ գործընթաց է, որի շրջանակներում տեղի է ունենում ցանկացած շինարարություն»,- ասաց Սարգսյանը։
Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել, որպեսզի համատեղ հասկանան, թե ինչ ֆինանսական միջոցներով են Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանը կառուցելու և ինչ չափաբաժնով են ներգրավվելու մասնավոր կազմակերպությունները։
«Դրա համար այն տրամաբանությունը, որ մասնավորի հաշվին ամբողջությամբ հնարավոր կլինի մետրոպոլիտենի նոր կայարանը կառուցել, կարծում եմ, դժվար կլինի, բայց մասամբ, միգուցե, կարողանանք ինչ-որ բան անել, փոխհատուցել»,- եզրափակեց Սարգսյանը։



