Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացրեց գույքահարկի արտոնություն սահմանել որոշ կատեգորիայի անձանց համար: Նրանք ազատվում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունների եւ հաշվարկված տույժի վճարումից:
Որոշման մեջ նշվում է, որ արտոնություն սահմանվում է հետեւյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.
1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,
2) Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
3) Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում, սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի ցանկության:
Այն անձինք, ովքեր կհրաժարվեն սույն որոշմամբ սահմանված գույքահարկի գծով արտոնություններից, այդ մասին Երեւանի քաղաքապետին գրավոր հայտնելու դեպքում արտոնությունները ճանաչվում է չսահմանված:
Նշենք, որ «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երեւան քաղաքի ավագանու այս որոշումը վերաբերում է 657 հոգու՝ մոտ 3,65 մլն դրամ ընդահնուր գումարով:
Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ այս որոշումով արտոնությունը ֆիքսվում է մեխանիկորեն, առանց այդ մարդկանց կողմից դիմում գրելու:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 51 կողմ ձայներով:



